News

ՀՕԲՆ շահառուները դարձյալ քննարկում են պատասխանատու հանքարդյունաբերությունը Հայաստանում

Վերջին երկու ամիսների ընթացքում արդեն երկրորդ անգամ Հայաստանի ամերիկյան համալսարանում քաղաքացիական հասարակության շահագրգիռ կողմերի մասնակցությամբ տեղի է ունեցել Հայաստանում պատասխանատու հանքարդյունաբերության վերաբերյալ  քննարկում: Ս.թ. դեկտեմբերի 12-ին քաղհասարակության ներկայացուցիչները մասնակցեցին Հանքարդյունաբերության օրենսդրության բարեփոխումների նախաձեռնության (ՀՕԲՆ) երկրորդ կլոր սեղան-քննարկմանը, որն ավելի մեծ գործընթացի մի մաս է. նրանք համատեղ մշակելու են հանքարդյունաբերության ոլորտի հայեցակարգի հստակ փաթեթ՝ ներառելով պատասխանատու բնապահպանական, տնտեսական, սոցիալական և աշխատողների իրավունքների վերաբերյալ քաղաքականությունները  ՀՀ կառավարությանը ներկայացնելու համար:

ՀՕԲՆ մենեջեր Վարանդ Մկրտիչեանը նշեց. «Մենք քննարկել ենք առողջության վրա ծանր մետաղների ազդեցությունը, հանքերի պատվարների խնդիրները, և թե ինչ հետևանքներ կարող է աշխատողների վրա ունենալ հանքերի գործունեության հանկարծակի կասեցումը»:
«Կարևոր է քննարկել և ուսումնասիրել  այս հարցերը, եթե ցանկանում ենք բարելավել Հայաստանում հանքարդյունաբերությունը», – շարունակեց Մկրտիչեանը:

Միջոցառման բանախոսներն էին ՀԱՀ-ի Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնի տնօրեն Ալեն Ամիրխանյանը, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի պետ Արթուր Գրիգորյանը, ԱՃԹՆ օրենսդրական և ինստիտուցիոնալ վերլուծության  և գործողությունների ծրագրի համահեղինակ Դավիթ Հակոբյանը, և Ուրսեստերի պետական համալսարանի փիլիսոփայության ամբիոնի վարիչ պրոֆեսոր Հենրի Թերիոն:

Կլոր սեղան-քննարկման մասնակիցները լսեցին բանախոսների ելույթները, հարցեր տվեցին և քննարկումների ընթացքում կիսվեցին իրենց կարծիքներով: Այս քննարկման ընթացքում մասնակիցներին տրվեցին  նոյեմբերի 6-ին տեղի ունեցած ՀՕԲՆ առաջին կլոր-սեղան քննարկման արդյունքները՝ հայերեն և անգլերեն տարբերակներով, որի ժամանակ շահագրգիռ կողմերը ներկայացրել էին հանքարդյունահանման հինախնդիրները:
Դոկտոր Թերիոն, ով ներկայացրեց «Հանքարդյունաբերության բազմաշերտ էթիկան» թեմայով բանախոսություն, ասաց. «Ես տեսա բացարձակ մասնակցային գործընթաց: Մարդիկ անկաշկանդ էին իրենց տեսակետները արտահայտելու հարցում, և դա լավ է»:

ՀՕԲՆ երկրորդ կլոր սեղան քննարկումն  ՀՕԲՆ շահագրգիռ կողմերի ներգրավվածության և քաղաքականության մշակման գործընթացի մի մասն է, որը միտված է հանքարդյունաբերության հինախնդիրների բացահայտմանը, փաստաթղթավորմանը և առաջնահերթությունների որոշելուն: Գործընթացը 2019 թվականի սկզբին կհանգեցնի հանքարդյունաբերության ոլորտի հայեցակարգի  հրատարակմանը, որի նպատակն է օրենսդրական բարեփոխումներ իրականացնել Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում:


 Հանքարդյունաբերության օրենսդրության բարեփոխման նախաձեռնությունը (ՀՕԲՆ), Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնի նախագիծն է: Այն բազմամյա պատմություն ունեցող նախագիծ է, որի նպատակն է ապահովել, որ Հայաստանում հանքարդյունաբերությունը բավարար օգուտներ բերի երկրին և ազդակիր համայնքներին: Նախաձեռնության շրջանակներում հանքարդյունաբերության սոցիալ-տնտեսական օգուտները գնահատելով օրենսդրություն է մշակվելու և միևնույն ժամանակ հաշվի են առնվելու հանքարդյունաբերության շրջակա միջավայրի և առողջության վրա ունեցած  բացասական ազդեցությունները:
Նախագիծը հնարավոր է դարձել Թուֆենկյան հիմնադրամի ֆինանսավորմամբ:
Վարանդ Մկրտիչեան | ՀՕԲՆ Ծրագրի ղեկավար 
ՀԱՀ Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոն
varant.meguerditchian@aua.am
+374 60 61 2776, +374 98 03 4486

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *